Լոնդոնի Վեսթմինսթերյան քաղաքացիական դատարանը դիտարկել է Հանցավորության դեմ պայքարի Բրիտանական ազգային գործակալության (NCA) հայցը 15,3 մլն ֆունտ սթեռլինիգի (35 մլն մանաթ – խմբ.) կալանքի մասին, որոնք գտնվում են ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիեւի ընտանիքի անդամների հաշիվների վրա։ Դատավարության ընթացքի մասին տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով The Evening Standard պարբերականին։
Ինչպես նշում է աղբյուրը, այդ գումարից 7,89 մլն ֆունտ պատկանում է Ջավանշիր Ֆեյզիեւի կնոջը՝ Փարվանա Ֆեյզիեւային, 6,4 մլն՝ որդուն՝ Օրհանին եւ մեկ միլիոնից մի փոքր ավելի՝ պատգամավորի զարմիկին՝ Էլմանին։
NCA-ն պնդում է, որ Փարվանա, Օրհան եւ Էլման Ֆեյզիեւները հարստացել են ի հաշիվ կեղտոտ կոռուպցիոն փողերի, որոնք նրանց տվել է ադրբեջանցի պատգամավորը։ Ընտանիքի անդամները հերքում են այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ փողերը ձեռք են բերվել Ֆեյզիեւի օրինական առեւտրային գործունեությամբ։ «Նա Ադրբեջանի ամենահարուստ օլիգարխներից մեկն է եւ իր ընտանիքի համար գնել է տուն Քեմբեռլենդ-Թերաս նստավայրերում՝ Recents-park-ի դիմաց։ Ֆեյզիեւը կնոջն ու որդուն է տվել միլիոնավոր ֆունտ սթեռլինգներ, որպեսզի նրանք կարողանան ներդրումային վիզա ստանալ Մեծ Բրիտանիայում ապրելու համար»,- գրում է թերթը։
Լոնդոնի Վեսթմինսթերյան քաղաքացիական դատարանում NCA-ի ներկայացուցիչ, փաստաբան Քոլինգվուդ Թոմպսոնն ասել է, որ այդ փողերը ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով եւ Ադրբեջանից դուրս են բերվել կեղծված փաստաթղթերի եւ պայմանագրերի օգնությամբ։ Թոմպսոնի խոսքով՝ Ֆեյզիեւի փողերի լվացման գործում օգտագործվել են կեղծ ընկերություններ Էստոնիայից եւ Լատվիայից։ Փաստաբանը հավաստիացնում է, որ նրա փողերն իրականում «ձեռք են բերվել կոռուպցիայի, գողության, խարդախության եւ փողերի լվացման ճանապարհով։ Արդյունքում՝ իրավապահ մարմինները սառեցրել են Փարվանա Ֆեյզիեւայի հաշիվներից 7,8 մլն եւ Օրհան Ջավանշիրի հաշիվներից 6,5 մլն։
Քոլինգվուդ Թոմպսոնն ավելացրել է, որ Ջավանշիր Ֆեյզիեւը Avromed խոշոր դեղագործական ընկերության համահիմնադիրն է։ Սառեցված միջոցները ուղարկվել են բանկային հաշիվներից, որոնք վերահսկել է այդ ընկերությունը։
Դատական լսումները կտեւեն երեք շաբաթ։



























