Այն, ինչ տեղի ունեցավ ղարաբաղյան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ, ապացուցեց, որ Ղարաբաղի հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին նոյեմբերի 4-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանը:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ գոյություն ունի «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը։ «Ես հատուկ չեմ ասում «անջատում հանուն փրկության», ասում եմ «ճանաչում հանուն փրկության», որպեսզի դա չհակասի ինքնորոշման իրավունքին»,- ասաց պատգամավորը։

Փոխնախարարն իր հերթին պատասխանեց, որ Ղարաբաղի հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Բաքուն իրականում ոչնչացման քաղաքականություն է վարում։ Դրա լավագույն ապացույցն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի իսպառ բացակայությունն է»,- ասել է ԱԳՆ խոսնակը։ Պատգամավորի ներկայացրած սկզբունքը, ըստ Գեւորգյանի, հաստատվում է հենց այս փաստով. «Եվ կարծում եմ, որ այդ մոտեցումը, ըստ որի Ղարաբաղի հայերին տարածաշրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու դեպքում լիակատար ոչնչացում է սպառնում, ճիշտ, վստահելի եւ վստահության արժանի թեզ է»,- ընդգծեց փոխնախարարը։ Այդ թեզը, ըստ դիվանագետի, պետք է ակտիվորեն կիրառվի ինչպես տարբեր դիսկուրսների ժամանակ, այնպես էլ բանակցային գործընթացում։