Անցած տարվա դառը փորձը ցույց տվեց, որ մեր անվտանգության համակարգերն այդքան էլ կայուն չեն, քան կցանկանայինք, որ լինեին։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ դիմելով ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանին։
Պատգամավորը նշեց, որ խոսքը, մասնավորապես հայկական բանակի մարտունակության մակարդակի, ինչպես նաեւ մշակութային ինքնաիրացման մասին է։ «Ես նաեւ խոսում եմ անվտանգության այն դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության համակարգի մասին, որը պետք է ապահովի Հայաստանի պաշտպանությունը ֆորս-մաժորային իրավիճակի ստեղծման դեպքում։ Մենք տեսանք՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ մեր դիվանագիտական գործընկերները ոչինչ չձեռնարկեցին՝ կանխելու այն, ինչ տեղի էր ունենում պատերազմի ժամանակ։ Այն հանրահավաքներն ու ակցիաները, որոնք նախաձեռնվում եւ անցկացվում էին աշխարհի տարբեր երկրներում, անցկացվում էին, որպես կանոն, միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասաց պատգամավորը։
Արսենյանի կարծիքով՝ դա հայկական դիվանագիտության ֆիասկոն էր։ «Մենք չկարողացանք հասկանալ, որ դիվանագիտությունը այս կամ այն երկրում միայն հայկական համայնքի հետ աշխատանքը չէ»,-հավելեց պատգամավորը։




























