Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման այն մոդելի իրականացման դեպքում, որի մասին այսօր խոսում են, Հայաստանի երկկողմ շրջափակումը կարող է վերածվել եռակողմ շրջափակման, ներառյալ հարավային ուղղությունը։ Այս մասին այսօր «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմասն ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ այդ դեպքում Հայաստանը կկորցնի իր տնտեսական գրավչությունը՝ առնվազն Հարավի եւ Հյուսիսի միջեւ կապերի ապահովման տեսանկյունից։

Պատգամավորը հիշեցրեց, որ արտահերթ ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները ներկայացրեցին տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ծրագիր եւ երկրի ապագան կապեցին այդ գործընթացի հետ։ «Սակայն այստեղ թաքնված են ռիսկեր մեր ժողովրդի ապագայի համար, քանի որ կա հարկադրման գործոն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Նման իրավիճակը հակասում է Հայաստանի եւ Արցախի տնտեսական շահերին, քանր որ կհանգեցնի տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական ազդեցության աճին։ Առաջին եւ կործանիչ հարվածը կհասցվի գյուղատնտեսությանը, հատկապես՝ ջերմային տնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանն եւ վերամշակող ոլորտին։ Ընդ որում, ՀՀ իշխանությունները վախենում են խոսել այդ խնդիրների մասին»,-հավելեց Ավետիսյանը։

Պատգամավորը նաեւ ներկայացրեց տնտեսական անորոշության դրսեւորումները՝ կապված 44-օրա պատերազմի հետ։ «Դրանք են՝ պետական պարտքի աճի (այս տարի այն աճել է 12 տոկոսով կամ 1 մլրդ դոլարով), տնտեսության վերականգնման անբավարար մակարդակ  (անկումը 2020-ին կազմել է 7,4 տոկոս, իսկ ակտիվության աճը 9 ամիսների ընթացքում կազմել է ընդամենը 4,4  տոկոս), գնաճի բարձր մակարդակի ֆոնին խորացող սոցիալական խնդիրներ, ներդրումների ներգրավման ցածր մակարդակ (այս տարի ուղիղ ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 85 մլն դոլար)»,-նշեց նա։ Ընդդիմադիրը հաստատեց, որ այս ամենի ֆոնին աճում են պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգեւավճարները։