Թուրքիան եւ Միացյալ Նահանգները համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն՝ տարաձայնությունները քննարկելու համար, այդ թվում՝ սիրիացի քրդերի, Ֆեթուլլահ Գյուլենի շարժման եւ ռուսական «Ս-400»-ների շուրջ։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Saba-ն։

Նրա խոսքով` Թուրքիան կապեր է պահպանում ԱՄՆ վարչակազմի հետ, իսկ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ համագործակցությունը Սիրիայի քրդերի հետ, Գյուլենի ներկայությունն ԱՄՆ-ում եւ «Ս-400»-ների հետ կապված պատժամիջոցներն «անհամատեղելի են դաշինքի ոգու հետ»։

«Մեր նախագահն այս հանդիպմանը հստակ շեշտեց: Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծելու այս հարցերը լուծելու համար։ Ավելի վաղ մենք ասում էինք, որ նման առաջարկ ենք արել ԱՄՆ-ին, իսկ հիմա այդ առաջարկը եկել է ԱՄՆ-ից՝ Բայդենից»։ Չավուշօղլուն նաեւ հայտնել է, որ աշխատանքային խմբի ձեւավորման եւ քննարկված հարցերի հետ կապված ինստիտուտներն ու նախարարությունները հետազոտություններ են անցկացնում։