Երեւանն ու Մոսկվան քննարկում են Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանումն ու օգտագործումը հայկական շուկայում։ Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նախարարի խոսքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, ինչպես նաեւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր է եղել հանրապետությունում կազմակերպել նշված պատվաստանյութի շշալցումը։
«Այժմ քննարկում ենք դրա արտահանման եւ Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները», - հայտարարեց գերատեսչության պետը։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկի» հետ քննարկվում են մի շարք այլ համատեղ նախագծեր։




























