«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է զվարճանքի եւ հանգստի երեւանյան հաստատություններում Wi-Fi գոտիներ ստեղծելու ծրագրի մեկնարկի մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Wi-Fi գոտիներ ստեղծել ցանկացող հյուրանոցներին, սրճարաններին, ռեստորաններին, ակումբներին եւ այլ ընկերություններին լայնաշերտ հասանելիության Hi-Line ծառայությունը եւ Wi-Fi մոդեմը կտրամադրվեն անվճար, առանց միացման վճարի եւ ամսավճարի: Տրամադրվող կապուղու թողունակությունը կախված կլինի ակնկալվող ծանրաբեռնվածությունից կամ այն տարածքից, որտեղ անհրաժեշտ է ծածկույթ ապահովել:
«Ինտերնետը դարձել է մեր կյանքի մի մաս եւ մենք գրեթե միշտ ունենք դրա կարիքը: Միանալով համացանցին կարելի ստուգել էլ.փոստը, կապվել անհրաժեշտ մարդու հետ, հաշված րոպեների ընթացքում գտնել անհրաժեշտ տեղեկությունը` հեռախոսը, հասցեն եւ այլ: Հանգստի վայրերում անվճար Wi-Fi գոտիների ստեղծումը` բնակչության ամենալայն շերտերի համար ինտերնետ-տեխնոլոգիաների հասանելիությանն ուղղված «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական քայլն է», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Զվարճանքի եւ հանգստի հաստատությունում Wi-Fi գոտիներ կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան հայտ ներկայացնել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Հայտի քննարկումն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:




























