Թուրքական «The Journal of Turkish Weekly» պարբերականի հետ զրույցում Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Հասան Սելիմը Օզերթեմը մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան բանակցություններն ու Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Օրերս Կազանում Ռուսաստանի միջնորդությամբ կայացած հայ-ադրբեջանական հանդիպումը նախկին հանդիպումների նման ոչ մի արդյունք չտվեց: Փորձագետների մեծ մասը նշում է, որ քանի դեռ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության կարգավորման մեջ, այդ կարգի հանդիպումները խնդրի լուծման համար նոնսենս են:
Արդար չէ այդպիսի հանդիպումները համարել նոնսենս: Ռուսաստանն այժմ վարում է այդ հանդիպումներն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ վայելում է իր գերիշխող դիրքը տարածաշրջանում:
2008-ի վրացական ճգնաժամից հետո տարածաշրջանում Արեւմուտքի նպատակներին, խնդիրներին եւ շահերին խանգարում էր ռուսական զորքերի տեղաշարժը Վրաստանում: Ռուսաստանը բոլորին հասկացրեց, որ ցանկանում է կազմակերպել իր «մերձավոր արտասահմանը» եւ չի ցանկանում, որ որեւէ մեկը միջամտի իր գործերին: 2008-ի տնտեսական ճգնաժամն արեւմտյան երկրներին ստիպեցին կենտրոնանալ ներքին գործերի եւ միջազգային հարաբերությունների տարածաշրջանային ասպեկտների վրա: ԱՄՆ-ի դեպքում ակտուալ էր նաեւ Աֆղանստանը, իսկ այժմ էլ` արաբական ապստամբությունները: Այդ իմաստով, Ռուսաստանի համար կարեւոր էր ընդգծել, որ միակ գերիշխող խաղացողը Կովկասում ինքն է, իսկ այդ հանդիպումներն ու բանակցություններն ավելի են ընդգծում դա:
Ռուսաստանը չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գծագրեն արտաքին խաղացողները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ, նույնիսկ, Թուրքիան: Այդ իմաստով, Կրեմլը փորձում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Դժվար է ասել, թե այդ բանակցություններն անիմաստ են: Խնդիրն այն է, որ դրանք նոնսենս են արեւմտյան շահերի տեսանկյունից, սակայն տարածաշրջանային եւ ռուսական շահերի տեսանկյունից այդ բանակցությունները օգնում են լուծում գտնել: Գլխավոր հարցն այն է, թե ում վարկածով կլինի լուծումը:
STRATFOR-ի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին նշում է, որ ղարաբաղյան կարգավորման հեռանկարներում գլխավոր դերակատարները ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ Ռուսաստանը: Իսկ, իրականում, Ռուսաստանը փորձում է անել հնարավորը` կարգավորման կանխման համար:
Ռուսաստանի ծայրամասերում գոյություն ունեն ահաբեկչության եւ անկայունության խնդիրներ: Անկայունությունը Կովկասում սպառնալիքի տակ է դնում Ռուսաստանի տարածքների միասնությունն ու կայունությունը: Այս փաստը հաշվի առնելով` կարելի է ասել, որ Մոսկվայի շահերին դեմ լուծումը կդառնա ազդեցության լծակ Հարավային Կովկասում Ռուսաստանի վրա:
1990-ականներից հետո Ռուսաստանը կորցրեց իր դիրքերը Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: Դրանք ահազանգ են Մոսկվայի համար, որ կարող է դուրս մղվել նաեւ Հարավային Կովկասից: Ռուսաստանը տպավորություն ունի, որ արեւմտյան գործընկերները, մասնավորապես, ԱՄՆ-ն զսպում են իրեն: Վերադառնում են Սառը պատերազմի տարիների վախերը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել դիրքերը հետխորհրդային տարածքում` վերականգնելով հին դաշինքները Բելառուսում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում: Քանի որ Ադրբեջանի եւՎրաստանի հետ դաշինք ստեղծել չհաջողվեց` Ռուսաստանն ընտրեց տարածաշրջանում ռազմական գործողության դժվար ուղին: Հաշվի առնելով այս ամենը` Ռուսաստանը թույլ չի, որ ղարաբաղյան հակամարտության որեւէ լուծում գծագրի այլ խաղացող: Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը չի գտնի լուծում տարածաշրջանում: Մենք գիտենք, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Գյումրիում եւ այդ ռազմակայանը ռուսական ամրոց է ամբողջ Կովկասում: Այդ ռազմակայանի օգնությամբ Ռուսաստանը վերահսկում է Կովկասը, Հուսիսային Իրանը եւ Կասպից ծովի ավազանը: Ռուսաստանը նաեւ ընդլայնել է իր դիրքերը` Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղաբաշխման կետով:
Ռոյթեր գործակալությունն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի ռիսկերը: Ձեր կանխատեսումը:
Կողմերը չեն պահպանում հրադադարի ռեժիմը: Փոխհրաձգությունները կարող են հանգեցնել 2008-ից հետո տարածաշրջանում նոր պատերազմի: Երկու կողմերն էլ մեծացրել են ռազմական ծախսերը եւ փորձում են սպառնալ միմյանց մկանային ուժով: Ռազմական հզորության կուտակման պատճառով, հնարավոր պատերազմն ավելի մեծ խնդիրներ կառաջացնի, քանի 1990-ականների սկզբին: Սպառնալիք է նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը: 2010-ին Ադրբեջանը վավերացրեց ռազմական դոկտրինը` նշելով, որ կողմ է ղարաբաղյան հակամարտության լուծման դիվանագիտական միջոցներին, սակայն դրանց սպառվելու դեպքում կդիմի ռազմական միջոցների` իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Ես կարծում եմ, որ սրան պետք է ուշադրություն դարձնել:
2008-ի Վրաստանի պատերազմը ցույց տվեց, որ ստատուս քվոն փոխելու ներուժ կա, եթե Ադրբեջանը դիմի ռազմական միջոցների: Սակայն այժմ դա քիչ հավանական է, քանի որ Բաքուն կարծում է, որ սպասողական ռազմավարությունը ներկա դասավորությամբ լավագույն տարբերակն է: Սակայն եթե Ադրբեջանը տեսնի, որ միջազգային հանրությունը մեկուսացնում է իրեն եւ բանակցությունները չեն ծառայում իր երկարաժամկետ շահերին, ներքին դինամիկան էլ դրդի, ապա ռազմական միջոցները կարող են այլընտրանք դառնալ պետության տարածքային ամբողջականության վերականգնման համար, թեեւ դա քիչ հավանական է:
Ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Զախարովը հայտարարեց, որ Իրանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ն ունի Լեռնային Ղարաբաղի կարիքը:
Ես կարծում եմ, որ չափազանց հավակնոտ է այդպիսի բացատրություն տալ Կովկասում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը, թեեւ 1990-ականներին Զբիգնեւ Բժեզինսկին հայտարարել է, որ Ադրբեջանը տարածաշրջանի առանցքային երկիրն է, որն ունի Իրանի եւ Ռուսաստանի շուրջը Կասպից ծովի ավազանը վերահսկելու ներուժ: Այդ իմաստով, Ադրբեջանի ռազմավարական դիրքը տարածաշրջանում անտեսել հնարավոր չէ: Քանի որ մենք փորձում ենք նկարագրել դինամիկան Կովկասում, ապա Ռուսաստանի դիրքը այնտեղ հասանելի չի լինի ԱՄՆ-ի համար: ԱՄՆ-ի կողմից այդպիսի մոտեցում եղել է Կենտրոնական Ասիայում, սակայն դա երկար չտեւեց` մինչեւ Ուզբեկստանի Խանաբադ ռազմակայանից ամերիկացիների հեռանալը: Կովկասյան տարածաշրջանը Ռուսաստանի համար ավելի կարեւոր է, քան Կենտրոնական Ասիան: Այդ պատճառով ես կարծում եմ, որ ամերիկյան նախաձեռնություններն ավելի մեծ լարվածության աղբյուր կլինեն այս տարածքում: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը թույլ կտա ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան:




























