Հայաստանի Ազգային պատկերասրահում հուլիսի 7-ին կայացել է սյուրռեալիստական ուղղության տպագիր գրաֆիկայի հայտնի վարպետներ Սալվադոր Դալիի, Հանս Բելլմերի, Լեոնոր Ֆիննի, Ջորջո դե Կիրկոյի, Վասիլի Կանդինսկիի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի անվանումն է «Սալվադոր Դալին եւ սյուրռեալիստները»:
Բացի այդ, ցուցահանդեսին ներկայացված են հայ նկարիչների 40 աշխատանքներ, որոնց մոտ զգալի են սյուրռեալիզմի ազդեցությունը, ինչպես օրինակ Երվանդ Քոչարը, Սերգեյ Փարաջանովը, Հակոբ Հակոբյանը, Լեւոն Թութունջյանը:
Աշխատանքները ներկայացված են Սալվադոր Դալիի հրատարակիչ Պիեր Արժիլեի դստեր հավաքածուից: Ցուցահանդեսից առաջ կայացած մամուլի ասուլիսում Կրիստին Արժիլեն հայտնել է, որ հայաստանում ներկայացնելու համար ընտրել է լավագույն 160 աշխատանքները, թեեւ իր մոտ առկա է չորս անգամ ավելի շատ նկարներ: Նա նշել է, թե կազմակերպում է իր հոր հավաքածուի նկարների ցուցահանդես այն երկրներում, որտեղ գնահատում են արվեստը, եւ Հայաստանն այդ երկրներից է:
Հավաքածուն ստեղծվել է 50 տարվա ընթացքում եւ համարվում է Դալիի լավագույն գործերի հավաքածուներից մեկը:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 15-ը:




























