Հայաստանում գրանցվել է սպանության հերթական դեպքը` ամուսինը ծեծելով սպանել է կնոջը,  NEWS.am-ն այս մասին տեղեկացավ ոստիկանությունից: Ըստ ոստիկանության` հունիսի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխուղեղի ցնցումով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա Նատալյա Մ.-ն: Կինը ոստիկաններին հայտնել էր, որ տանը, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի է ենթարկել ամուսինը` 45-ամյա Սերգեյ Ա.-ն: Հուլիսի 2-ին Նատալյա Մ.-ն կոմատոզ վիճակում կրկին տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը երեկոյան, գիտակցության չգալով, մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սերգեյ Ա.-ն հունիսի 20-ին տանը դիտավորությամբ հարվածել է կնոջ դեմքին եւ գլխին, առողջությանը պատճառել ծանր վնաս, որի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը): Սերգեյ Ա.-ն ձերբակալված է: