Միջազգային հանրությունը ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտ լուծվի. այդ է պատճառը, որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ լավատեսական հայտարարություններ են հնչում, որոնք կոչ են անում կողմերին ստորագրել հիմնարար սկզբունքների առաջարկները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանն ու հավելեց. «Սակայն երբ լավատեսական սպասումները չեն իրականանում, դա հիասթափություն է առաջացնում»:

Նրա խոսքով, մի բան ակնհայտ է. մինչեւ կազանյան հանդիպումը Ալիեւը հստակ եւ հրապարակայնորեն հերքեց հիմնարար սկզբունքներից երկուսը՝ ուժի չկիրառման եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Ինչպես ընդգծեց Նիկոյանը, ադրբեջանական ղեկավարության նման դիրքորոշումը «ոչ» է ասում լավատեսական սպասումներին։ Այդ է պատճառը, որ միջազգային հանրությունը, որպեսզի լավատեսական արդյունքների հասնի, պետք է հասցեագրված ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա, որը տարբեր պատրվակներ բերելով՝ ձգտում է ձախողել գործընթացը, նկատեց Նիկոյանը։