Երեւանի «Դելֆինարիումի» մոտ բողոքի հերթական ակցիան է կայացել` ընդդեմ դելֆիններին անազատության մեջ պահելու:

«Կենդանիները պետք է ապրեն բնական միջավայրում», «Մի բանտարկեք դելֆիններին», «Խնայեք դելֆիններին» գրառումներով պաստառներով մի քանի տասնյակ կանաչ ակտիվիստներ պահանջում էին «Դելֆինարիումի» ղեկավարությունից գոյության նորմալ պայմաններ ապահովել դելֆինների համար:

Նրանք նշեցին, որ Երեւանի «Դելֆինարիումը» չունի բավարար պայմաններ` դելֆիններ պահելու համար, իսկ Հայաստանում գործող բնապահպան կազմակերպություններին պարզապես արգելում են մոնիտորինգ իրականացնել:

Ակցիայի կազմակերպիչները «Էկոդար» եւ Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպություններն են, որոնք նաեւ դատական հայցեր են ներկայացրել դելֆիններին ազատելու պահանջով: Առաջին հայցը մերժվել էր, իսկ երկրորդը գտնվում է քննության փուլում: