«Ինձ հետաքրքրում է ոչ թե բանակցային գործընթացը, այլ փաստաթղթի բովանդակությունը, որ դրված է բանակցային սեղանին, որքան է դա համապատասխանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կազդի միջազգային կազմակերպությունների կողմից հայկական կողմի վզին առաջընթացի մշտական փաթաթումը ղարաբաղյան կարգավորման գործընթացի եւ դրա ժամկետների վրա:
Կարապետյանի խոսքով, բնականաբար, միջազգային կազմակերպությունները շահագրգռված են երկարաժամկետ խաղաղության հաստատման մեջ: Դրանում շահագրգիռ են կոնկրետ երկրները, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, եւ միջազգային հանրության հետաքրքրությունը նրանց ամեն հայտարարությունից հետո աճում է:
Ինչ վերաբերում է հակամարտության մեջ ներգրավված կողմերին, նրանք, առաջին հերթին, պետք է շեշտը դնեն փաստաթղթի վրա, որի շուրջ բանակցություններ են ընթանում, եւ որը պատրաստվում են ստորագրել: Կարապետյանը հիշեցրել է, որ ներկայումս սեղանին դրված փաստաթուղթը առաջարկվել է դեռ 2004թ.: ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, փաստը, որ կողմերը չեն եկել ընդհանուր հայտարարի, խոսում է այն մասին, թե հենց բովանդակությունն է գերակա, եւ ամենագլխավորը, որքանով է այդ բովանդակությունը համապատասխանում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերին. «Եւ այստեղ ես որոշակի մտահոգություններ ունեմ»:
Կարապետյանը նշել է, որ փաստաթղթի հրապարակումը ցույց տվեց, թե ղարաբաղյան կողմը դուրս է նետվել բանակցային գործընթացից, ընդ որում, երբ 1997թ. Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ մասնակից էր եւ ենթադրվող փաստաթղթի ստորագրող, ինչպես Հիմնարար սկզբունքների համաձայնեցման փուլում, այնպես էլ մեծ պայմանագրի հետագա փուլերում, իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի համար ամրագրվել է միայն դիտորդի կարգավիճակը: «Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարտահայտի հստակ դիրքորոշում Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ, նաեւ բոլոր հարցերում լիիրավ մասնակցության, որոնց վերաբերում են ինչպես իր տարածքային ամբողջականության, այնպես է ապագա Ղարաբաղի անվտանգությանը»,- ամփոփել է Կարապետյանը:




























