Ամերիկյան Forbes ամսագրի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հայտնվելը ամենավատ տնտեսություն ունեցողների շարքում անհանգստություն է առաջացրել Հայաստանի իշխանական վերնախավում: Մասնավորապես` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հուլիսի 7-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վարչապետը պետք է անպայման արձագանքի այդ տեղեկատվությանը: «Եթե այն համապատասխանում է իրականությանը, ասի, որ համապատասխանում է, իսկ եթե ոչ, ապա անհրաժեշտ է հերքել»,- նշեց ԱԺ նախագահը:

Նշենք, որ այս շաբաթ Forbes ամսագրի աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակում հայտնվել են միանգամից երեք հետխորհրդային երկրներ` Հայաստան (2), Ուկրաինա (4) եւ Ղրղզստան(7): Ցուցակը գլխավորում է Մադագասկարը, իսկ Հայաստանին անմիջապես հաջորդում է Գվինեան:

Forbes-ի հրապարակմանն այսօր արձագանքեց ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա պարզաբանմամբ` Forbes-ի գնահատականը հիմնված է վերջին 3 տարիների ցուցանիշների միջինացման վրա` տնտեսական աճ, գնաճ, ընթացիկ հաշվի դեֆիցիտ: Իսկ քանի որ Հայաստանում 2009 թ. այդ ցուցանիշները էապես վատթարացել են, Հայաստանի ընդհանուր վարկանիշը նվազել է: «Չեմ ուզում ասել, որ Forbes-ի վարկանիշը իրատեսության հետ կապ չունի, ուղղակի խիստ ակնթարթային գնահատական է, որը հաջորդ տարի նույնը լինել չի կարող, որովհետեւ գնաճի նվազող եւ տնտեսական աճի միտում ունենք: Ես ուզում եմ ասել, որ դա մի հատվածային գնահատական է` ամբողջովին պայմանավորված 2009-ով: Այս առումով առանձնապես խորն ուշադրություն չէի դարձնի` որպես վերջնական եւ կայուն ախտորոշում, այլ կնայեի դրան որպես մեր մարտահրավերների ցուցանիշ, մեր խնդիրների առարկայացրած արձանագրում, որը մենք պետք է լուծենք եւ, կարծում եմ` մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց ֆինանսների նախարարը:

Ի դեպ` այդ գնահատականի հետ համաձայնեց նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, ասելով, որ ակնհայտորեն Հայաստանն այդքան վատը չէ, ինչպես բխում է Forbes-ի գնահատականից: