Մենք հստակ ասել ենք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը, ԼՂ հակամարտության լուծման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից. Սա մեր դիրքորոշումն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուստաեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես դեռ մայիսին հայտարարեցի, որ ես պատրաստ եմ ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին: Հիշում եք, թե դրանից հետո ինչ աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց, հետո երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ, այդ փաստաթղթի ստորագրման պահը բաց է թողնվել: Այո, մենք անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան: Մենք նաեւ ասում ենք, որ դժվար ենք պատկերացնում այդպիսի պրոցես, երբ ամեն օր սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում:
Նոյեմբերի 9-ից հետո մենք երեւի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: Շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, երբ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ, կրակոցներ են տեղի ունենում:
Հարցին, թե կան արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ, պետք է պատասխանեմ, որ ցավոք սրտի՝ ոչ»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է կատարվի սահմանազատում եւ սահմանագծում, Փաշինյանը պատասխանեց. «Պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք քարտեզ ասելով: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են, որովհետեւ քանի որ թղթային նյութ է, մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվում են: Կարեւոր են իրավական հիմքերը՝ ինչ իրավական հիմքերի վրա են տեղի ունեցել սահմանազատում եւ սահմանագծում Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ: Ընդհանրապես, սահմանազատման ինչ իրավական հիմք կա: Բայց այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն, որովհետեւ Խորհրդային ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ, որ ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետությունները իրար տարածքներ են նվիրել: Դա արվել է տեղական մակարդակով, այսինքն այսինչ շրջանը այսինչ տեղից այսքան արոտավայր նվիրում է: Հիմնականում փոխադարձության սկզբունքով է տեղի ունեցել: Շատ կարեւոր է այդ իրավական հիմքերը հասկանալ: Քարտեզն առանց իրավական հիմնավորման որեւէ նշանակություն չունի:
Մենք եկել ենք եզրակացության, որ իրավական հիմքերը այն իրավական հիմքերն են, որ 20-30-ական թվականներին համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք ի վերջո, պետք է գնանք դրան: Քարտեզները մեզ պետք են, որ տեքստում նշված պայմանավորվածությունները արտացոլել քարտեզների վրա:





























