3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուստաեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ԼՂ հիմնախնդրի լուծման հարցը եւ այլն: Այսինքն եթե այդ ֆորմատը բերելու է նոր, փոխարդարձ ընդունելի օրակարգ, ասենք տարածաշրջանի հնարավոր տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է հետաքրքիր լինել: Որովհետեւ կարող է պարզվել, որ 3+3-ը միակ ֆորմատը չէ, որ մեզ հետաքրքրում է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հերքեց Էրդողանի հայտարարությունը, ըստ որի իր եւ Ալիեւի միջեւ հանդիպում է եղել եւ իրենք քննարկել են այս խնդիրները. «Ոչ, իհարկե, չի եղել. Այս ընթացքում շատ դիվանագիտական առաքելություններ ենք ընդունում, հայտնի շփումներ են տեղի ունենում ՀՀ եւ Ադրբեջանի պաշտոնյաների միջեւ: Մասնավորապես, Նյու Յոևրքում մեր ԱԳ նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կա, դիվանագիտական օտարերկրյա առաքելություններ են ժամանում Երեւան եւ Բաքու: Բնականաբար, ուղերձներ են տանում, բերում եւ բնականաբար, խոսակցություն, որպես այդպիսին միջնորդավորված տեղի է ունենում: Այստեղ ոչ մի անակնկալ չկա»





























