Արդեն անցել է կես տարի ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ուժի մեջ մտնելու օրվանից: Առաջին արդյունքները վկայում են ապահովագրության այս տեսակի անհրաժեշտության, ժամանակին լինելու եւ սոցիալական նշանակության մասին: Ըստ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի մամլո հաղորդագրության` ընկերությունը օրական սպասարկում է միջինը 170 զանգ:

Կիսամյակի ընթացում «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն գրանցել է 5948 ապահովագրական պատահար` կես տարվա միջին օրական ցուցանիշը կազմել է 33 ավտովթար: Առավելագույն քանակը գրանցվել է հունիսին՝ 1095 ավտովթար:

Ի հակառակ սպասումների եւ կանխատեսումների ամռանը դեպքերի քանակի նվազում տեղի չի ունեցել: Հունիս ամսվա ընթացքում գրանցված դեպքերի միջին օրական ցուցանիշը կազմել է 37, ինչը հավասար է փետրվարին գրանցված առավելագույն ցուցանիշին: Զգալիորեն աճել է գիշերվա ընթացքում տեղի ունեցող դեպքերի քանակը: Հատկանշական է, որ ավտովթարների քանակը կտրուկ աճում է անձրեւի ժամանակ: