Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությունը շատ կարեւոր դերակատարում ունի պետական հաստատությունների եւ կառավարության պաշտոնյաների հզորացման գործում, այն պետք է պահպանվի: NEWS.am-ի հարցադրմանը նման հայտարարություն արեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 12-ի կառավարության նիստի ընթացքում ասել էր, որ Հայաստանը միայն բացառիկ դեպքերում պետք է վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանա: Պատճառն այդ աջակցության ցածր արդյունավետությունն է: Վարկային միջոցների հաշվին հրավիրվում են արտասահմանցի մասնագետներ, նրանց պատվիրվում են օրենսդրական ու նորմատիվային նախագծեր, որոնք հետագայում կիրառություն չեն գտնում։ Բավարար մակարդակի վրա չէ նաեւ տեխնիկական այլ բնույթի օժանդակությունը՝ խորհրդատվություն, հաշվետվություններ, մասնագիտական եզրակացություններ եւ այլն։ Չարաշահումները հիմնականում վերաբերում են 2006-07 թվականների կատարած աշխատանքներին, որոնց մասին նշվել է նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացությունում:

ՀԲ ներկայացուցիչը նշեց, որ անհրաժեշտ է բարձրացնել տեխնիկական աջակցության արդյունավետությունը, սակայն դրանից լիովին հրաժարվել չի կարելի: Որպես լուծում առաջարկվեց, որպեսզի տեխնիկական աջակցություն ստացող նախարարություններն ու գերատեսչությունները ամբողջովին դառնան այն ծրագրերի սեփականատերը, որոնք իրականացվում են իրենց ոլորտներում: