Վրացական Airzena ավիաընկերությունը չի վաճառվում: Այդպես են պատասխանել ավիաընկերությունից հայկական Armavia ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հայտարարությանը, ըստ որի առաջարկ է եղել գնել վրացական Airzena-ն գնելու մասին, հաղորդում է GHN-ն:
Airzena-ի ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանին GHN գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ Airzena եւ Armavia ընկերությունների միջեւ խոսակցություն չի եղել Airzena-ի վաճառքի մասին: Նա նշել է, որ մեկ շաբաթ առաջ երկու ընկերությունների ներկայացուցիչների միջեւ զրույց է կայացել, որտեղ քննարկվել է համագործակցության հարցը:
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ իբր, Airzena ավիաընկերությունը վաճառվում է եւ այն ցանկանում է գնել Armavia-ն: Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ Airzena-ի վաճառքի հարց օրակարգում չկա: Airzena-ի ու Armavia-ի միջեւ զրույցը վերաբերել է Թբիլիսի չվերթների վերականգնմանը: Իսկ եթե Armavia-ի նախագահն ուզում է ինչ-որ բան գնել, ապա ցանկություն կարելի է միշտ էլ հայտնել»,- ասել է Գիորգոբիանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային փոխադրող Armavia ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նախօրեին ասուլիսում հայտարարել էր, որ մտադիր է գնել վրացական Airzena ավիաընկերությունը: Նա նշել էր, որ այդ հարցը ներկայումս քննարկվում է, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Բացի այդ, Բաղդասարովը բարձր էր գնահատել վրացական ընկերության պոտենցիալը, հավելելով, որ այն ունի լավ իմիջ եւ բալանսավորված աշխատանք:




























