Առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական լիարժեք հարաբերությունների վերականգնման Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին haqqin.az-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը։
Խոսելով հայկական սփյուռքի դերի մասին՝ Հիքմեթ Չեթինը նշել է, որ «ժամանակի ընթացքում Հայաստանի ժողովուրդը կհասկանա Երեւանի քաղաքական կուրսի վրա դրա ազդեցության ողջ վնասակարությունն ու կործանարարությունը»։ «Արեւմուտքում հարմարավետ պայմաններում նստած՝ Սփյուռքը շարունակում է թշնամություն սերմանել Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ»,- ասել է Չեթինը` անտեսելով այն փաստը, որ Սփյուռքը մեծամասամբ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են։
Չեթինի խոսքով` «Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն ընդամենը վերադարձավ համաշխարհային հանրության կողմից ճանաչված իր սահմաններին։ Այնպես որ, այստեղ ընդհանրապես նոր պատերազմների պատճառ չկա։ Ընդ որում, պետք է հասկանալ, որ Հայաստանի նախաձեռնած ցանկացած նոր պատերազմ վիթխարի կորուստների կհանգեցնի իր ժողովրդի համար»: Թուրքական դիվանագիտության ոգով Չեթինն ակնարկել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը «Հայաստանի համար ճանապարհ կբացի դեպի աշխարհ», քանի որ այժմ «արտաքին աշխարհի հետ Հայաստանի բոլոր առեւտրատնտեսական հարաբերություններն անցնում են բացառապես Ռուսաստանի տարածքով, որն ինքնին անկախ պետության համար այնքան էլ դրական գործոն չէ...»: Չեթինը նույնիսկ մեծահոգաբար կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «Ղարաբաղի հայաբնակ քաղաքներում տներ ու ճանապարհներ կառուցել»։
Ըստ Հիքմեթ Չեթինի՝ «ներկայումս կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Դա հաստատում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների դրական արձագանքը հարեւան պետությունների հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի ցանկությանը, որը հնչել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում»։ «Այո, որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ հարաբերությունները նորմալանան եւ համապատասխանեն բարիդրացիության չափանիշներին», - ասել է Հիքմեթ Չեթինը:- Բայց դա անխուսափելի է, քանի որ դա ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլեւ Հայաստանի ցանկությունն է, որի ժողովուրդը, չնայած 44-օրյա պատերազմում կրած պարտությանը, արդյունքում սատարեց ոչ թե Դաշնակցության ռեւանշիստ առաջնորդներին, այլ վարչապետ Փաշինյանին».





























