Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անբարոյական եւ իրականությունից հեռու հայտարարությունն է հնչեցրել՝ Շուշիի շրջանում տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրելով հայկական կողմին։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք եւ կրակել ջրմուղը վերանորոգող չորս բանվորների վրա։ Մի մարդ զոհվել է, երեքը՝ ծանր վիրավորվել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկ օր մտածելուց հետո կատարվածի մեղքը բարդել է հայկական կողմի վրա ընդհանրապես եւ Հայաստանի վրա՝ մասնավորապես։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, թե Ադրբեջանն իբր որեւէ առնչություն չունի կատարվածի հետ եւ ասել է, որ «սովորաբար ռուս խաղաղապահները տեղեկացվում են այս տարածքում որեւէ գործողություն ձեռնարկելուց առաջ, եւ այդ գործողությունն իրականացվում է խաղաղապահների ուղեկցությամբ։ Այս անգամ ռուս խաղաղապահները տեղյակ չեն եղել եւ չեն մասնակցել դրան, ինչն, իհարկե, լուրջ հարցեր է առաջացնում։ Այդ օրը Շուշայում տեղի է ունեցել միջոցառում՝ Ադրբեջանի նախագահի եւ պետական պաշտոնյաների մասնակցությամբ, եւ հայտնի է, որ նման դեպքերում տարածքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվում։ Սա գիտակցելով՝ տարածքին ամենամոտ կետում որեւէ ջրմուղի վերանորոգում որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»։
Միջազգային հանրության թողտվությունն ու լռությունը՝ կապված Ադրբեջանի կողմից իրականացված հսկայական թվով ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հետ, այնքան են մթագնել ադրբեջանցի պաշտոնյաների գլուխները, որ նրանք նեղություն էլ չեն քաշում, որպեսզի փորձեն հերքել խաղաղ բնակչության վրա հարձակումների փաստը։ Այս ամենը տեղի է ունենում տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» հաստատելու Ադրբեջանի պատրաստակամության մասին հայտարարությունների համատեքստում։





























