ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԵԱՀԿ ԳՆԱՆ) գրասենյակը շարունակում է իր կենսական կարեւորություն ունեցող աշխատանքը, որն ուղղված է ամուր խաղաղության հաստատմանը։ Այս մասին դեսպան Կասպրշիկի խմբի գործունեության հնարավոր փոփոխությունների մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակից։
«1995 թվականի օգոստոսի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահը նշանակել է անձնական ներկայացուցիչ, որը մանդատի համաձայն ներկայացնում է գործող նախագահին եւ աջակցում նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերում, իր գործունեության մասին զեկուցում է գործող նախագահին եւ նրա միջոցով՝ Մինսկի խմբին եւ ՄԽ համանախագահներին, եւ աջակցում է կողմերին վստահության ամրապնդման եւ մարդասիրական միջոցառումների իրականացման գործում: Անձնական ներկայացուցչին իր առաջադրանքները կատարելիս օգնում են հինգ օգնականներ: Երեք գործառույթները՝ գործող նախագահին ներկայացնելը, հաշվետվությունների տրամադրումը եւ կողմերին օգնություն ցուցաբերելը, չեն փոխվել։ Ավելի կոնկրետ՝ գործող նախագահի ներկայացուցիչը շարունակում է մասնակցել բարձր մակարդակի հանդիպումներին, որոնք առնչվում են համանախագահների եւ ընդհանրապես ԵԱՀԿ գործունեությանը եւ նախագահին տեղյակ է պահում իրադարձությունների եւ իրավիճակի մասին: Նա նաեւ բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում տարածաշրջանում՝ աշխատելով լարվածությունը նվազեցնելու, մասնավորապես՝ վստահության ամրապնդման միջոցների վրա, որոնցից մի քանիսն արդեն քննարկել է Բաքվում եւ Երեւանում: 2020 թվականի ռազմական գործողություններից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Օրինակ, ռազմական ոլորտում մոնիթորինգային աշխատանքները, որոնք վստահության ամրապնդման միջոցառումների մաս էին կազմում, դադարեցվել են։ Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ այդ շրջանում տեղակայվել է գրեթե 2000 ռուս զինվորական։ Շատ անելիքներ կան վստահության ամրապնդման եւ հումանիտար հարցերում՝ ինչպես հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հաշտեցման ավելի երկարաժամկետ նպատակին հասնելու, այնպես էլ լարվածությունը նվազեցնելու եւ քաղաքական գործընթացը դյուրացնելու ավելի հրատապ անհրաժեշտության համար։ Կոնկրետ միջոցների ընդունման համար պահանջվում է կողմերի փոխադարձ համաձայնություն։ Անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակում է իր կենսական կարեւորություն ունեցող աշխատանքը՝ նպատակ ունենալով նպաստել ամուր խաղաղության ձեռքբերմանը»,-հայտնում են գրասենյակից։





























