Լոս-Անջելեսի շրջանային դատարանը 18 ամսվա բանտարկության է դատապարտել Գլենդելի 59-ամյա մի բնակչի` փոշեկուլների պոմպերը Իրանին ապօրինաբար վաճառելու համար: Ժիարյար Ավանեսյանը այս գործով երեք մեղադրյալներից մեկն էր, եւ մեկ տարի առաջ իրեն մեղավոր էր ճանաչել Իրանի հետ առեւտրի կանոնները խախտելու մեջ: Նա Գլենդելի XVAC անվանումով ընկերության սեփականատերն է, Ֆարհադ Մասումյանի եւ Ամիրհոսեյն Սայրաֆիի հետ պայմանավորվել եւ Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքով Իրան է ուղարկել փոշեկուլների պոմպեր: Արդարադատության նախարարությունը սկզբնապես գործը հետաքննում էր` կասկածելով, որ սարքավորումները կարող են օգտագործվել իրանական ատոմային ծրագրում:
Dailynews.com կայքի փոխանցմամբ, շրջանային դատավոր Վալերի Բեյքեր Ֆեյրբենքը նշել է, որ սարքավորումը չէին կարող օգտագործվել ատոմային տեխնոլոգիաների մեջ, թեեւ Ավանեսյանը խախտել է առեւտրի արգելքի կանոնները: Բացի պատժաժամկետից, Ավանեսյանը նաեւ պետք է 10 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո երեք տարի գտնվի վերահսկողության տակ: Սայրաֆին ավելի վաղ դատապարտվել էր 41 ամսվա բանտարկության:




























