Երեւանի ֆիքսված հեռախոսային ցանցն ամբողջությամբ թվայնացված է, եւ դրանով բարձր որակի ծառայություն է մատուցվում: Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ նշելով, որ Երեւանի ֆիքսված հեռախոսակապի թվայնացման համար ընկերությունը 6 մլն դոլար ներդրում է կատարել:
«Ֆիքսված ցանցի յուրաքանյուր բաժանորդային համարի թվայնացման համար տասն անգամ ավելի գումար է ծախսվել, քան ասենք բջջային ցանցում նոր բաժանորդի միացման հնարավորություն ստեղծելու համար: 40 հազար ֆիքսված անալոգային համար թվայնացվել է: Նույն գումարով կարելի է բջջային ցանցում 400 հազար նոր բաժանորդի միացման հնարավորություն ստեղծել, սակայն ընկերությունը պարտավորություններ ուներ, եւ մենք ուրախ ենք, որ այսօր արդեն կարող ենք հայտարարել, որ Երեւանի ֆիքսված հեռախոսային կապը հարյուր տոկոսով թվայնացված է, ու տեխնիկական հագեցվածությամբ տարածաշրջանային առաջատար է»,- նշեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը:
Նա նշեց նաեւ, որ ներդրումները շարունակվում են նաեւ 3G կապի ուղղությամբ, ցանցը հզորացվում է: «Ես հենց երեկ Երեւանի կենտրոնում գործընկերներից մեկին ապացուցեցի, որ ԱրմենՏելի 3G կապի արագությունը գործնականում քաղաքի ծանրաբեռնված կենտրոնական հատվածում հասնում է մինչեւ 3 մեգաբիթ: Համաձայնեք դա այդ տեղանքի համար լուրջ ցուցանիշ է»,- ասաց Կլիմկոն՝ ավելացնելով, որ ընկերությունը 4G կապի ներդրման ուղղությամբ լուրջ քայլեր կձեռնարկի, երբ եվրոպական օպերատորները ավելի հստակեցնեն 4G կապի համատեղ օգտագործման եւ սպասարկման պայմանները:




























