Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական իշխանությունները պատրաստ են երկրում կուտակված տարանցիկ ճանապարհով դեպի Եվրամիություն ուղեւորվող Արեւելյան երկներից եւ Ասիայից փախստականներին իրենց հայրենիք ուղարկել, բայց նրանք չեն ցանկանում տուն վերադառնալ, երկուշաբթի հայտնել է Belta լրատվական գործակալությունը:

«Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի պետական ​​սահմանին փախստականներ չկուտակվեն։ Ավելին, հայտարարել է նախագահը, Բելառուսը պատրաստ է փախստականներին, ովքեր մտափոխվել են մեկնել Եվրամիություն, հետ ուղարկել իրենց հայրենիք»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, որ փախստականները չեն ցանկանում տուն վերադառնալ։

Գործակալության տվյալներով՝ համապատասխան հայտարարությունն արվել է երկուշաբթի Լուկաշենկոյի՝ սահմանադրության նախագծի վերջնական մշակման աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ։

Վերջին շրջանում Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտնում էին Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից Բելառուսի հետ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին, Մինսկին մեղադրում էին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Մինսկը հերքում է բոլոր մեղադրանքները: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Լեհաստանի նախագահն արտակարգ դրություն է մտցրել Բելառուսի հետ սահմանակից տարածքներում, սահմանի պաշտպանությանը ներգրավվել են բանակն ու ոստիկանությունը։ Լուկաշենկոն նշել է, որ Մինսկն այլեւս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը դեպի ԵՄ երկրներ. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար «ոչ փող կա, ոչ էլ ուժ»։ Բելառուսի սահմանապահները բազմիցս հայտարարել են Լիտվայի, Լեհաստանի եւ Լատվիայի կողմից միգրանտներին բելառուսական տարածք բռնի կերպով արտաքսելու մասին։ Անցած շաբաթ Բելառուսի` Լեհաստանի հետ սահմանի մոտ փախստականների ինքնաբուխ ճամբար ձեւավորվեց, որում մոտ 2 հազար մարդ կա։