Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունելի է համարում Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը:

«Պարոն Պապիկյանի նշանակումը ես համարում եմ շատ ճիշտ և ողջունելի քայլ»,- Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կադրային փոփոխության վերաբերյալ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվել է վարչապետի որոշմամբ, ինչի մասին Փաշինյանը տեղյակ է պահել հանրությանը։ Իսկ Սուրեն Պապիկյանը «շատ աշխատասեր է և տիրապետում է իրավիճակին ամբողջությամբ»։

Ճշտող հարցին՝ Պապիկյանն ամբողջությամբ տիրապետու՞մ է բանակի գործունեությանը, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Պետք է տարբերել զուտ մասնագիտական գիտելիքները, ինչը շտաբի պետի գործառույթն է։ Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ ինչ վերաբերում է տիրապետելուն, ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Պապիկյանը մեր պատմության մեջ լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու»։