Հայ-ուկրաինական հարաբերությունները հսկայական ներուժ ունեն։ Այս մասին Երեւանում Ուկրաինայի հայերի միության եզրափակիչ համաժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուկրաինացի հայազգի քաղաքագետ Օլեգ Սահակյանը։

Այդ ներուժը զարգացնելու համար, քաղաքագետի կարծիքով, անհրաժեշտ ամեն ինչ կա։

«Կա մշակութային-սոցիալական բազա, որը հայերի, ուկրաինացիների եւ Ուկրաինայի հայերի միության կողմից ներկայացվող հայկական սփյուռքի միջեւ դարավոր բարեկամության հիմքն է»,- պարզաբանեց Սահակյանը։

Միաժամանակ, պետությունների մակարդակով ակտիվությունը, ինչպես նշեց փորձագետը, դեռ աճելու տեղ ունի: Այնուամենայնիվ, որոշակի ազդակ արդեն կար։ Այսպես, նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայից մի քանի այցեր են եղել Հայաստան։

«Ե՛ւ միջկառավարական հանձնաժողովի նիստ, ե՛ւ ուկրաինացի պատգամավորների մասնակցությամբ մի քանի այցեր, ե՛ւ օմբուդսմենների այցեր, ե՛ւ Ուկրաինայի առաջին տիկնոջ այց Հայաստան։ Նկատենք, որ այս ամենը տեղի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում»,- ասաց ուկրաինացի քաղաքագետը: