«ԱրմենՏել» ընկերությունը ինտերնետ կապի նոր տեխնոլոգիա կգործարկի Հայաստանում: Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ մանրամասնելով, որ կապի ADSL տեխնոլոգիային կհաջորդի VDSL (Very-high data rate Digital Subscriber Line) տեխնոլոգիան:

«Hi-Line ծառայությունով մենք մեծ հաջողության հասանք, օրերս հայտարարեցինք 100 հազարերորդ բաժանորդի մասին, բայց տեխնոլոգիաներն արագ են զարգանում, եւ մենք մտածում ենք նորագույն տեխնոլոգիաների կիրառման, եւ ավելի արագ կապ ու որակյալ ծառայության մատուցման մասին»,-ասաց Կլիմկոն՝ նշելով, որ «ԱրմենՏելը» օպտիկամանրաթելային կապուղի չի անցկացնելու յուրաքանչյուր բաժանորդի տուն:

«Նախ պետք է նշել, որ օպտիկամանրաթելը բաժանորդի բնակարան անցկացնելու եւ միացման աշխատանքի համար, դրա վրայից մաքրվում է կվարցի մանրաթելերը պաշտպանող շերտը, եւ աչքի համար գրեթե անտեսանելի մանրաթելերը բացվում են, իսկ մի մասը կոտրվում եւ լցվում տուն: Դա վտանգավոր է մարդու առողջության համար, քանի որ կոտրված մանրաթելերն ասեղի պես սուր են, եւ կարող են անցնել մաշկի տակ ու արյան շրջանառության հետ որոշ օրգանների հասնեն: Դրանք գրեթե անհնար է դուրս բերել օրգանիզմից»,- ասաց Կլիմկոն՝ նշելով, որ VDSL տեխնոլոգիան աշխատում է պղնձե մալուխով:

Ըստ նրա՝ այս տեխնոլոգիան մինչեւ 200 Mbit արագության հնարավորություն է տալիս, սակայն իրականում Երեւանի թվայնացված ցանցի հնարավորությունը կլինի 40 Mbit:

Նա նշեց, որ նոր տեխնոլոգիայի գործարկման դեպքում ինտերնետային կապի գինը չի ավելանա: «Չէի ցանկանա նոր տեխնոլոգիայի գործարկման հստակ ժամկետներ նշել, սակայն կարող եմ վստահեցնել, որ ԱրմենՏելը ինտերնետ կապի զարգացման այս տեխնոլոգիական ճանապարհով է գնում»,- ասաց նա:

Նշենք, որ VDSL տեխնոլոգիան օպտիկամանրաթելային եւ մետաղական մալուխների համակցման թույլատրությամբ ինֆորմացիայի փոխանցման գերբարձր արագություն ապահովող համեմատաբար նոր տեխնոլոգիա է: Այն թույլատրում է միաժամանակ տրամադրել IP հեռահաղորդակցություն, HDTV ծառայություն եւ բարձր արագությամբ ինտերնետ: