Էդ տղեն գյուղապետ չի լինելու, ես որպես Բյուրականի բնակիչ չեմ ուզում, որ ինքը լինի գյուղապետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Բյուրական համայնքում բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց բնակիչներից մեկը՝ դիմելով ոստիկանության ներկայացուցչին:
Նշենք, որ օրերս Բյուրական համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակտար է նշաբնակվել Ռադիկ Գեւորգյանը, ով գհյուղացիների հավաստմամբ, այդ համայնքի բնակիչ չէ, նրան չեն ճանաչում:
«Թող մեր գյուղի մարդ լինի, որ մեր գյուղի ամեն ինչին տեղյակ լինի: Էստեղ գյուղապետ Բաբայանի հարցը չի, ինքը ոչ էլ ուզում է լինի գյուղապետ: Մենք որոշենք, որ մեր գյուղից մի նորմալ մարդ դնենք, թող աշխատի: Թող էդ ԺՊ-ն գա կանգնի էստեղ ու ասի՝ մեզնից քանիսին է ճանաչում»,-ասաց գյուղացիներից մեկը:
Ոստիկանության ներկայացուցիչը դիմելով բնակիչներին, ասաց. «Դեկտեմբերի 5-ին ընտրություններ են, էդ ընտրություններով կորոշվի, թե ով է լինելու, ժամանակավոր որոշված է, որ էս մարդը պետք է լինի: 20 օրվա հարց է: Ղեկավարությունն է այդպես որոշել»:
Գյուղացիներից մեկը նկատեց. «Եթե ժամանակավոր նշանակվեց, էդպես էլ կմնա, մենք գիտենք»:
Ոստիկանության մեկ այլ ներկայացուցիչ էլ ասաց. «Նշանակողը ես չեմ, դուք չեք, կառավարությունն է որոշում: Մարդը պարտավոր է անցնել իր պարտականությունների կատարմանը»:











