Այս մարդիկ պայքարում են ՀՀ պետականության դեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով իշխանության գործողություններին:
«Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանության դիրքից հանդես եկող մարդիկ հրաժարվում են ՀՀ սահմաններից: Ո՞նց կարող է լինել, որ ՀՀ կադաստրը ճանաչի մարդու սեփականության իրավունքը նույն այն հատվածներում, որտեղ թշնամին մուտք է գործել մեր երկիր, բայց ՀՀ պշտոնյաներն ասեն՝ դա Հայաստանի Հանրապետություն չէ: Սա խայտառակություն է: Որոշ մարդիկ գնում են նրան, որ Հայաստանի պտության գոյությունը կասկածի տակ դրվի: Այս մարդիկ գնում են պետականության քայքայման ճանապարհով: ՀՀ սահմանները պահպանելը չի նշանակում անպայման պատերազմ, այլ նշանակում է պարզապես պետություն լինել»,-ասաց Վարդեւանյանը:
Նկատելով, որ ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում հայ զինվորների և սպաների նվաստացման կադրերը բոլորին է վրդովեցրել՝ պատգամավորը հայտարարեց, որ իշխանական պատգամավորներն էլ այնպես են գործում, կարծես ոչինչ չի եղել:
«Սահմանադրությամբ գրված է, որ ՀՀ ԶՈւ-ն ապահովում է մեր սահմանների անձեռնմխելիությունը և լավ թե վատ, դա է Սահմանադրության մեջ է ամրագրված, այնտեղ գրված չէ, որ ՀՀ ԶՈւ-ն ապահովում է մեր նահանջը, հայկական հողերն էյվազլիներ անվանելը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադարձավ դատախազության նախորդ օրվա հայտարարությանը, որում ասվում էր, որ ՀՀ սահմաններն ապօրինի մուտք գործելու համար քրգործ է հարուցվել և հարց հնչեցրեց, թե ովքե՞ր են ձերբակալվել և մեղադրվում այդ քրեական գործով. «Ո՞ւր է Մնացական Մարտիրոսյանի, կամ Արմեն Դանիելյանի կալանավորման մասին դատական ակտը, թե՞ պարտադիր մարդու անունը պետք է լինի Արթուր Սարգսյանը, կամ Արմեն Չարչյանը և նրանք լինեն «Հայաստան» խմբակցության անդամ, որ նրանց կալանավորեն»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը:
Նկատելով, որ Սև լճի մասով էլ է քրեական գործ հարուցվել, բայց ձերբակալություններ չկան՝ պատգամավորը հռետորական հարց հնչեցրեց. «Գլխավոր դատախազությունը ինչ շահեր է սպասարկում, եթե իրական թշնամուն չեն ձերբակալում, դրա փոխարեն Սիսիանի քաղաքապետին են ձերբակալում,քանի որ վերջինս ունի հեղինակություն և կարող էր ազդել Սիսիանի սահմանին տեղի ունեցած իրավիճակի վրա»:
Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը դարձի չի գա, դրա դիմաց ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգվածը տեղեկատվությանը չի տիրապետել և չի տիրապետում. «Ճիշտ հասկացեք, որ մենք ունենք հայրենակիցներ, որոնք հավատում են, օրինակ, որ երեկ Սուրեն Պապիկյանը գնացել է 10000 զինվորի շարել է և ադրբեջանցիները հիմա ահ ու սարսափի մեջ են»,-հայտարարեց Վարդևանյանը և շեշտեց, որ նման մտքերը գեներացվում են իշխանության կողմից՝ հասարակությանը խաբելու համար:











