Պատկերը շատ նման է 44-օրյա պատերազմի պատկերին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին։
«Մենք երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձում էինք հասնել այն բանին, որ հրավիրվի արտահերթ նիստ՝ սահմանին տիրող իրավիճակի համար։ Բայց մեզ մեղադրեցին թերի թղթեր ներկայացնելու մեջ։ Երբ մարտեր էին ընթանում Հայաստանի Հանրապետության տարածքում, Ազգային ժողովում զավեշտալի պատկեր էր՝ քննարկվում էր սնդիկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Հենց առավոտյան նաեւ դա հիմնավորելով մենք բոյկոտեցինք այս քառօրյան։ Միայն բոյկոտելով, իհարկե, հարցը չի լուծվելու, եւ մենք չենք ընտրել պայքարելու միայն բոյկոտի գործիքը։ Ինձ մոտ տպավորություն է, որ սեպտեմբերի 27-ի առավոտն ենք ապրում, և տպավորություն է, որ նույն սցենարն է բեմադրվում՝ էլի տարածքներ ենք կորցնելու, էլի զոհեր ու վիրավորներ ենք ունենալու, նոր կապիտուլյացիոն ակտ է ստորագրվելու։ Այն պատկերը, որն ունենք այսօր, ևս մեկ անգամ կասկածի առիթ է տալիս, որ տեղի է ունենում սեպտեմբերի 27-ի պատկերի գուցե ոչ նույն մաշտաբներով կրկնություն՝ արդարացնելու համար նոր փաստաթղթի ստորագրում։ Չլինի այնպես, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրի մի փաստաթուղթ և ասի՝ ես փրկել եմ երևանցիներին, վանաձորցիներին։»,- նշեց նա։
Խամոյանի խոսքով՝ այս պահին խմբակցությունը պետք է ամբողջացնի ինֆորմացիան և կոնկրետ հասկանա իր հետագա անելիքները։
«Քանի որ մենք չունենք ամբողջական տեղեկատվություն, թե ինչ պատկեր է սահմանին, չունենք զոհերի թիվ, վիրավորների թիվ, կորցրած տարածքներ, հայտարարել, թե ինչ գործողությունների ենք գնալու, չեմ կարող։ Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը գավառական շուստրիությամբ ինչ բանակցություններ է վարում մեր գործընկերների հետ և նաև օպերատիվ կապով Ադրբեջանի հետ, ինչ խոստումներ է տալիս Ալիևին, Էրդողանին, ինչ է խոսում Պուտինի հետ հետո փոխում է իր որոշումները։ Այս ամենը կարող ենք միայն ենթադրել»,- ընդգծեց Ագնեսա Խամոյանը։
Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ երեկ կալանավորվեց Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է ստեղծված Սյունիքի մարզում։ Իհարկե, պատահականություն չէ, որ Առուշ Առուշանյանն է կալանավորված, մյուս համայքապետերն են կալանավորված։ Այն բոլոր գնահատականները, որ Սյունիքի մարզի համայնքապետները մեկուսացվում են և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ամբողջ վարչական ռեսուրսը գործի էր դրվել թույլ չտալու համար ոչ ՔՊ-ական պատգամավորների վերընտրվելը, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինչ-որ պայմանավորվածություններ ունի Նիկոլ Փաշինյանը Ալիևի և Էրդողանի հետ կամ ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել մեր դաշնակիցների հետ և հիմա փորձում է այն մատուցմամբ տալ, որ ինչպես ինքն էր ասել՝ իրեն հետո դավաճան չասեն»,- հավելեց Ագնեսա Խամոյանը։











