Ադրբեջանի իշխանությունների արկածախնդրությունը շարունակությունն է այն անպատիժ գործողությունների, որոնք տեղի ունեցան 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, հատկապես այն բանից հետո, երբ հայկական եւ ռուսական կողմերը հստակ հայտարարեցին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը օրակարգում չի եղել. Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։
Նրա խոսքով՝ այս պահին ադրբեջանական զորքերն ինտենսիվ հրետակոծում է ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային դիրքերը։
Պատգամավորը հիշեցրեց, որ ՀԱՊԿ հիմնական նպատակն է ամրապնդել խաղաղությունը, միջազգային, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հավաքական հիմունքներով պաշտպանել կազմակերպության անդամ երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։
«Այդ խնդիրների լուծման գործում առաջնահերթությունը կազմակերպության անդամ երկրները տալիս են քաղաքական միջոցներին»,-ասաց պատգամավորը։
Նա Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի եւ ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի շարունակվող ագրեսիվ գործողությունների վրա։
Սանդիկովն ընդգծեց, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ «Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները վճռական են ՝ պաշտպանելու իրենց երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը»,-ամփոփեց Սանդիկովը։



























