Հայաստանը դեռ պաշտոնական հարցում չի փոխանցել Ռուսաստանին՝ օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Եթե խոսքը գրավոր հայտարարության մասին է, դեռ չեմ կարող հաստատել»,-ասել է նա։

Տողանյանը հայտնել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ կապված դիվանագիտական եւ ռազմական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում։ «Օպերատիվ գծով խորհրդակցություններ են ընթանում ռազմական, դիվանագիտական խողովակներով»,-ասել է դեսպանը։  

Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բանավոր կերպով հեռուստատեսությամբ օգնությամբ համար դիմել է ՌԴ-ին՝ կապված Ադրբեջանի ներխուժման հետ։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով եւ համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,-ասել է Գրիգորյանը։   

ԱԽ քարտուղարի խոսքով՝ սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու. «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի եւ մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու»։