Ադրբեջանն ամեն կերպ սադրում է, որ մեզ մոտ անկայուն վիճակ հասունանա, դա իրեն ձեռք է տալիս, մեզ՝ ոչ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը ռազմական գործողությունները վերսկսելով ի՞նչ նպատակ է հետապնդում։
«Նա փորձում է իր հաղթանակից մաքսիմումը կորզել, այս իրավիճակում մենք փորձում ենք մաքսիմում ուժեղանալ, դիմագրավել եւ մեր գիծը տանել։ Այստեղ կարեւոր է, որ մենք միայնակ չմնանք ու մեր անվտանգության բարձիկները՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ–ը աշխատեն։ Եթե դրանք չաշխատեն, մենք հետեւություններ պետք է անենք։ ՀԱՊԿ–ից ավելին սպասելու կարիք չկա, բայց էական է Ռուսաստանի դերակատարումը, մենք այս օրերին կհամոզվենք նրա դերակատարման մասին։ Մենք հույս ունենք, որ մեր գործընկերն իր պարտականությունները կկատարի, եթե չկատարի, մենք կհասկանանք, որ գործընկեր չունենք, եւ պարզ է, որ սուրբ տեղը դատարկ չի մնա, կմտածենք, թե ինչ գործընկերներ են մեզ պետք։ Ենթադրում եմ, որ Ռուսաստանն այդ աստիճան անճար չի լինի, որ իր պարտականությունները չկատարի»,– ասաց Վիգեն Խաչատրյանը։
ՔՊ–ական պատգամավորը երկրների անուններ չտվեց, թե օգնության նպատակով Հայաստանը ո՞ր երկրներին կարող է դիմել։
Հարցին, թե սահմանին տիրող իրավիճակից հետո՞ էլ շարունակում է կարծել, որ խաղաղության դարաշրջան կբացվի հայերի ու ադրբեջանցիների միջեւ, Վիգեն Խաչատրյանն ասաց.
«Այո, ես հավատում եմ։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի խաղաղությունը՝ առանց զոհերի, տարածքների։ Ես գտնում եմ, որ հայ ազգը պետք է առաջ դնի հարեւանների հետ խաղաղ ապրելու հեռանկար, բայց դա չի նշանակում հանձնվել հարեւաններին, դա չի նշանակում չպատերազմել, դա նշանակում է հռչակել, որ մեր նպատակը խաղաղ ապրելն է, եթե դրա համար պետք է կռվել, դա էլ կանենք»։











