Այս պահին ընթանում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ժամը 13-ի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արեւելյան սահմանագծի ուղղությամբ: ՀՀ Զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել:
Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ: Այս պահին խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակը:
Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական, սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխն տարածք: Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է, Ադրբեջանը եւ նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, անկախությունը:
Այո, մենք այսօր ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաեւ ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, կանք, պետություն ենք, մենք պետական ազգ ենք եւ պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, կարող ենք փնտրել եւ գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել անբարտավանության լեզվով:
Միջազգային հանրությանը կոչ եմ անումԱդրբեջանի ագրեսիօան դատապարտող հյասցեական հայտարարություններ ընդունել:
Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են եւ անիմաստ:Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով:
Եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն եւ պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են:
ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդը վճռական են եւ մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը եւ անկախությունը:
Միաժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրժեշտությունը եւ նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են: Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին:
Վերադառնալով սահմանային իրադրությանը ասեմ, որ այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Մենք շարունակաբար եւ ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին»:











