ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ կառավարությունը՝ հայտնելով, որ վարչապետը հանգամանալից կերպով ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները:

«Նիկոլ Փաշինյանն  ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:

Վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այդ կապակցությամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։