Խաղողի մթերման գինն  այս տարի` նախորդ տարվա համեմատ բարձր կլինի 20 տոկոսով: Այդ մասին այսօր` հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանը («Արարատ» ապրանքանիշ) խաղողը վերջին 2 տարիներին մթերել է կգ-ը 130 դրամով, մյուս ընկերություններն ավելի էժան մթերումներ են իրականացնում (100-120 դրամի սահմաններում):

Ըստ Ա. Հարությունյանի` «Արենի» խաղողը կմթերվի շատ ավելի թանկ` 150-170 դրամի սահմաններում: Պատճառը` գինեգործական եւ կոնյակագործական ընկերությունների միջեւ ծավալված մրցակցությունն է, ինչպես նաեւ` ներքին շուկայում գինու սպառման ծավալների մեծացումը: Բացի այդ, ըստ Ա. Հարությունյանի, ճգնաժամը ստիպել է կոնյակագործներին` դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը եւ զբաղվել նաեւ գինու արտադրությամբ: