Հայաստանի Կենտրոնական բանկի աշխատակիցների համար Դիլիջանում կառուցվում են բնակելի տներ ու քոթեջներ: Արդեն 2013 թ. մոտ 150 հոգի իրենց ընտանիքներով կտեղափոխվեն Դիլիջան` ապրելու եւ աշխատելու: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի խոսքով` նրանց համար այնուհետ կկառուցվի մանկապարտեզ ու դպրոց: Հետագայում Դիլիջանում նաեւ համալսարան կհիմնվի: ըստ ԿԲ-ից ստացված տեղեկատվության` Դիլիջանում հիմնվելու է այդ հաստատության ուսումնահետազոտական կենտրոնը:
Արդեն ավարտվել է ԿԲ վարչական շենքի շինարարությունը, մնում են միայն ներքին հարդարման աշխատանքերը: ԿԲ ստորաբաժանումների մի մասի տեղափոխումը Դիլիջան իրականացվում է Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն վերածելու կառավարության ծրագրի շրջանակներում:
Դիլիջանում ակտիվություն է դրսեւորում ոչ միայն ԿԲ-ն, այլեւ առեւտրային բանկերը: Եթե 3 տարի առաջ այդ քաղաքում միայն բանկի 2 մասնաճյուղ կար, ապա ներկայում` 5-ը, եւս մեկը դիմել է:
Բանկերի եւ շինարարական աշխատանքների ակտիվությունը, ըստ Դիլիջանի քաղաքապետի, հնարավորություն է տալիս լուծել քաղաքի գործազրկության խնդիրը, հատկապես տղամարդկանց շրջանում: Սակայն դեռեւս բարդություններ կան կանանց աշխատանքի տեղավորման հարցում:




























