Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 8-ին ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի անդամներին, ովքեր Հայաստանում են գտնվում բժշկական միջազգային 3-րդ համագումարին մասնակցելու նպատակով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է համագումարի անցկացումը, որի նպատակը աշխարհասփյուռ հայ բժիշկների կապն ու համագործակցությունը զարգացնելով` առողջապահության ժամանակակից փորձի փոխանակումն ու գիտական նվաճումներին ծանոթանալը, գործնական բժշկության եւ բժշկական կրթության կարեւորագույն հարցերի քննարկումն է: Այդ ամենը ծառայում է մայր հայրենիքում եւ Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանն ու բժշկական օգնության որակական բարելավմանը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի ղեկավարությանը` վերջին քսան տարիների ընթացքում վերոնշյալ նպատակին հասնելու ուղղությամբ ներդրած ջանքերի, կատարված աշխատանքի համար:
Հանրապետության ղեկավարը կարեւորել է տարբեր ոլորտներում աշխարհասփյուռ հայության մասնագիտական հնարավորությունների միավորումը:




























