Ի բնե հնարավոր չէ, որ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշպանելու հրաման։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի այն հարցին, թե ո՞վ է տվել չկրակելու հրաման, քանի որ դիրքերից մեկի գրավման տեսագրությունում երևում է, որ տեղի է ունենում առանց փոխհրաձգություն և ի՞նչ է հայտնի նախօրերին գերեվարված և կորած զինծառայողների մասին։

«Դուք կիրակի և երեքշաբթի օրվա դրվագները խառնում եք իրար, որքան էլ դրանք ունեն ներքին փոխկապակցվածություն ունեն, բայց դրանք խառնում եք իրար և փորձում ստեղծել մեկ դրվագ։ Ի բնե հնարավոր չէ, որ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշպանելու հրաման։ Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն։ Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք։ Հայաստանի Հանրապետություն զինված ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և գուցե մենք նաև այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքերում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Յուրաքանչյուր պարագայում մենք պետք է քննենք՝ ա՞յդ դեպքի հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք։ Օրինակ՝ ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում է նրան ոչ մի «պրետենզիա» չի կարող լինել, բայց ընդհանուր առմամբ ես պետք է ձեզ կոչ անեմ՝ նման լուրեր տարածելուց առաջ մտածենք՝ սա իշխանության և ընդդիմության հարց չէ։ Այդպիսի բան չի կարող լինել, որովհետև չկրակելու մասին թե բանավոր, թե գրավոր հրաման տվողը գործում է պետական դավաճանություն՝ Հայաստան Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում»,- նշեց նա։

Տիգրան Աբրահամյանը նաև հետաքրքրվեց, թե ինչու օրեր առաջ Պաշտպանության արդեն նախկին նախկին նախարար Արշակ Կարապետյանին փոխարինեց Սուրեն Պապիկայնը։ Արշակ Կարապետյանն ի՞ր կամքով էր արդյոք հրաժարականի դիմում ներկայացրել, և ո՞րն էր դրա պատճառը։

«Նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և ես չեմ կարծում, թե Պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն։ Նախարար նշանակվում է վարչապետի հայեցողությամբ և ազատվում վարչապետի հայեցողությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է, ես կարևոր եմ համարում, որ և Արտաքին գործերի նախարարի կարգավիճակում և Պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են։ Երբ որ Արտաքին գործերի նախարարությունում էի՝ հայտնի իրադարձություններից հետո, խորհրդակցություններ էի անում, ես մի օր գնացել եմ Արտաքին գործերի նախարարություն եւ վարչության պետերի մեծ մասի հետ շփվել եմ, և նրանք բոլորը միակարծիք ասում էին՝ խնդրում եմ քաղաքական թիմից ներկայացուցիչ նշանակեք, որը քաղաքական բովանդակությունն ամբողջությամբ կկիսի»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով նախորդ հարցին, նկատեց, որ թեև ինքը խոսում է երկու տարբեր օրերի դրվագների մասին, բայց հիմքը կա չկրակելու դեպքում գերեվարվելու և հաջորդ օրը բռնություն պարունակող տեսանյութերի հրապարակման միջև։

«Ես ամենևին դեմ չեմ, որ դուք և հանրությունը իմանաք, թե որ որոշումն ինչ հանգամանքներում է կայացվել։ Ես դեմ եմ, որ այդ լավ նկատառումով ասեմ բաներ, որոնց մասին ցանկալի չէ, որ տեղեկանան Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք։ Մենք որքան էլ քաղաքական առումով տարբեր դաշտերում լինենք, ձեզնից, ձեր խմբակցությունից, մյուս խմբակցությունից ոչ մի գաղտնիք չունեմ։ Խնդիրն այն է, որ այս հարցուպատասխանի ընթացքում ես չպետք է թույլ տամ ասել բաներ, որոնք չպետք է իմանան այս շրջանակից դուրս են»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։