41 քառակուսի կիլոմետրը չի ձեւավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետեւանքով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկվա գործողությունների հետեւանքով այս բալանսը որեւէ ձեւով չի փոխվել։ Մեկ շաբաթ առաջ էլ էր այդ 41 քառակուսի կիլոմետրը՝ մայիսի 12–ից հետո ընկած ժամանակահատվածում, եւ երեկվա գործողությամբ էլ է այդ նույնը։ Այնպես չի, որ այդ 41 քառակուսի կիլոմետրը լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի  Զինված ուժերի կողմից։ Բազմիցս ասել եմ, որ մայիսի 12–ից հետո տեղի ունեցած գործընթացի հետեւանքով, տարբեր հատվածներում Ադրբեջանի եւ մեր Զինված ուժերի դիրքերը շախմատձեւ դասավորված են, երբեմն մխրճված են մեկը մյուսի մեջ անտրամաբանական ձեւերով։

Մայիսի 12–ից էլ առաջ, շուրջ 40 եւ ավելի քառակուսի կմ ՀՀ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, սա արցախյան առաջին պատերազմի հետեւանքով։  Արցախյան առաջին պատերազմի հետեւանքով Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Այս հանգամանքների բերումով է, որ շատ կարեւորվում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը։ Միջազգային հանրությունն ասում է՝ սկսեք դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց եւ կողմնորոշվեք, թե ինչ մեթոդաբանության եւ ինչ իրավական հիմքերի վրա է դա տեղի ունենալու, որպեսզի այդ հարցերը մեկընդմիշտ փակվեն»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ երեկ ծայրահեղ լարված էր։ Ժամը 13։00-ի սահմանում Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

ՊՆ–ի հաղորդմամբ, նոյեմբերի 17-ին, ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

Պաշտպանության նախարարությունը դեռեւս հայտնել է միայն մեկ զոհի մասին՝ 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանը։ Կա 13 գերեւարված զինծառայող։ 24 զինծառայողի հետ կապը կորել է, եւ նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։