Ռուսական «Իժմաշ» կոնցեռնը սկսել է նոր ինքնաձիգ մշակել, որը տարբերվում է  Կալաշնիկովի ինքնաձիգի սխեմայից: Ըստ ծրագրի, Կալաշնիկովին փոխարինողը ստեղծվելու է զրոյից:

«Իժմաշ»-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Կուզյուկի խոսքով, նոր ինքնաձիգը «կարող է մրցակցել հրազենի ամենաժամանակակից տեսակների հետ», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Իժմաշ»-ը նաեւ նախատեսում է շարունակել 200-րդ դասի ԱԿ ինքնաձիգների թողարկումն ու արդիականացումը: Արդիականացված ինքնաձիգները ավելի հարմարավետ, ճշգրիտ եւ հստակ են աշխատելու:

Նշենք, որ Ադրբեջանը ռուսական լիցենզիայի հիման վրա ԱԿ-47Մ ինքնաձիգի սերիական արտադրություն է սկսել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, ինքնաձիգն ստացել է «Հազրի» անվանումը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ զենքը մի քանի չափանիշներով տարբերվում է ռուսական արտադրության ինքնաձիգներից:

Ադրբեջանական տարբերակի վրա կարելի է տեղադրել գիշերը տեսնելու նաեւ լազերային սարքավորումներ: Փոփոխվել է նաեւ արտաքին տեսքը, սակայն քաշը մնացել է նույնը:

Այս տարի Արդբեջանը նախատեսում է արտադրել մինչեւ 5 հազար «Հազրի» ինքնաձիգ: