Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 6-ին մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանը, որի ընթացքում քվեարկության է ներկայացված «Ամրապնդելով ԵԱՀԿ արդյունավետությունն ու գործունակությունը. Նոր մեկնարկ Աստանայի գագաթնաժողովից հետո» բանաձեւի նախագիծը:

Փաստաթուղթը մասնավորապես անդրադառնում է նաեւ ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում՝ ԼՂ խնդրին: Ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունները հանդես են եկել առաջարկով` «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձեւակերպումը փոխարինելու «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն» ձեւակերպմամբ: Հայկական պատվիրակությանը հաջողվել է կանխել այդ փորձերը:

Այս առնչությամբ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը, ով ընդգծել է, որ այդ ուղղումը հակասում է ԵԱՀԿ շրջանակում ընթացող Մինսկի գործընթացի ոգուն, տերմինաբանությանն ու պայմանավորվածություններին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ըստ այդմ, նշվել է, որ ԵԱՀԿ շրջանակներում ընդունված բոլոր նախորդ փաստաթղթերում եւ հայտարարություններում, հակամարտությունն անվանված է «Լեռնային Ղարաբաղի» կամ «հակամարտություն Լեռնային Ղարաբաղում»: Դրանց թվում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի նախագահների հայտարարությունը Լ’Աքվիլայում (Իտալիա), Մուսկոկում (Կանադա) եւ Դովիլում (Ֆրանսիա):

Ա. Սաֆարյանն ասել է, որ ԵԱՀԿ տերմինաբանությունը փոփոխելու այս փորձը տվյալ հարցում ապակառուցողական քայլ է, քանի որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, ինչի մասին պարզ եւ առանց երկմտանքի ասված է Աստանայի հայտարարության մեջ: Ավելին` ԵԱՀԿ ԽՎ-ն չպետք է ընդունի ինչ-ինչ հայտարարություններ, որոնց լեզուն հակասության մեջ կգտնվի այն փաստաթղթերի եւ որոշումների հետ, որոնք ընդունված են ԵԱՀԿ շրջանակներում:

Այնուհետեւ տեղի է ունեցել քվեարկություն, ադրբեջանական ուղղման օգտին քվեարկել են նաեւ Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի ներկայացուցիչները, իսկ դեմ են եղել 37 երկրների պատվիրակներ: