Գյումրիում հուլիսի 5-ին առավոտյան ժամը 5-ի սահմաններում անհայտ անձանց կողմից իրավապաշտպանի գրասենյակի հրկիզման փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Խոսքը Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան գրասենյակի Շիրակի մասնաճյուղի մասին է, որի գրասենյակն անհայտ անձինք հրկիզելու անհաջող փորձ են արել: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով`գույքի դիտավորյալ ոչնչացում՝ հրկիզման փորձի միջոցով: Այս մասին փոխանցում են ոստիկանության Շիրակի մարզային քննչական վարչության աղբյուրները:
Գործով քննիչ Վահրամ Բեյբությանի փոխանցմամբ, դեպքի առթիվ նշանակվել է փորձաքննություն, կատարվում է կասկածյալների հարցաքննություն, առայժմ հայտնի չեն հրկիզման փորձի հեղինակները:
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան գրասենյակի Շիրակի մասնաճյուղի կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը փոխանցել է, որ չի ուզենա իրադարձություններից առաջ ընկնել, կամ խոսել իրավապահներին փոխարեն, ովքեր պետք է հետաքննություն իրականացնեն: Ինքը կոնկրետ կասկածյալներ չունի, եւ սպասում է քննչականի եզրակացությանը:
Նշենք որ նախնական հաշվարկներով, հրկիզման փորձից կառույցը մոտ կես միլիոն դրամի վնաս է կրել: Կոտրվել են գրասենյակի ուսուցման սենյակի ապակիները, շարքից դուրս են եկել նաեւ լսարանի տեխնիկա-սարքավորումները:































