Մայր Աթոռի առաջարկը, որ հունվարի 5-ը և 7-ը լինեն ոչ աշխատանքային օրեր, քննարկվել է թե՛ թիմի ներսում, թե՛ կուսակցության հետ. մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այդ տեսանկյունից համարել ենք ոչ նպատակահարմար Մայր Աթոռի առաջարկն ընդունելը: Մենք շատ մանրամասն հիմնավորել ենք, թե ինչպես կփոխվի տնտեսության աշխատանքը հունվարին: Ըստ էության, դա ամենաքիչն է, որ մենք ակնկալում ենք այս փոփոխության արդյունքում», - ասաց նախարարը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես էր եկել հայտարարությամբ և դիմել էր Ազգային Ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր։

Նախօրեին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-2-ը եւ հունվարի 6-ը: