Բայդենի վարչակազմը պատրաստվում է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողով հրավիրել` առաջինն իր տեսակի մեջ, որը կմիավորի կառավարական գործընկերներին, քաղաքացիական հասարակությանը եւ մասնավոր հատվածին` «ամբողջ աշխարհում ժողովրդավարական նորացմանն աջակցելու համար»:

Գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 9-10-ը տեսակոնֆերանսի ձեւաչափով։

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուզրե Զեյայի խոսքով` «այս գործընթացի միջոցով մենք ձգտում ենք ամրապնդել մեր ժողովրդավարական ինստիտուտները, ազնվորեն դիմակայել ժողովրդավարության մարտահրավերներին եւ դիմակայել մեր ընդհանուր արժեքներին երկրի ներսում եւ արտերկրում»:

«Ոչ մի ժողովրդավարություն կատարյալ չէ, այդ թվում` մերը Միացյալ Նահանգներում: ԱՄՆ կառավարությունը գագաթնաժողովը որպես հնարավորություն է դիտարկում` լսելու, սովորելու, խոսելու եւ միասին գործելու երկրի ներսում եւ դրսում ժողովրդավարության առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ»,- ասել է Զեյան:

Հրավիրվածների նախնական ցուցակի համաձայն՝ միջոցառումը կհամախմբի ոչ միայն կայացած ժողովրդավարական երկրները, այլեւ` երկրներ, որտեղ, ըստ ակտիվիստների, ժողովրդավարությունը վտանգի տակ է։

Հարցին` արդյոք կազմվել է հրավիրյալների վերջնական ցուցակը, թե դեռ ժամանակ կա, որպեսզի Ադրբեջանի նման երկրները հայտնվեն ցուցակում, Զեյան պատասխանել է, որ ԱՄՆ-ն հրավիրում է կայացած եւ զարգացող ժողովրդավարությունների տարածաշրջանայինորեն բազմազան հավաքածու»՝ մեծ ու փոքր, որոնց առաջընթացն ու պարտավորությունները, իրենց կարծիքով, կնպաստեն ընդհանուր նպատակներին: