ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քաղաքացիներ Սումբատ Տոնոյանի եւ Հրանտ Օհանյանի կողմից գերհարստացված 90.8 տոկոս ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ 2010-ի մարտին Երեւանում Գարիկ Դադայանից (նախկինում 2004թ. ուրան տեսակի ռադիոակտիվ նյութի մաքսանենգության ու իրացման համար դատապարտված) ձեռք բերելու, Երեւան-Թբիլիսի գնացքով մաքսանենգությամբ Վրաստան տեղափոխելու եւ Թբիլիսի քաղաքում իրացնելու դեպքի առթիվ:
2010 թվականի ապրիլի 22-ին Գարիկ Դադայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության օժանդակություն) եւ 233-րդ հոդվածի 1-ին մասով (ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն) այն բանի համար, որ նա 2010 թվականի մարտ ամսվա սկզբներին գտնվելով Մոսկվա քաղաքում, Երեւան քաղաքի բնակիչներ` ՀՀ քաղաքացիներ Հրանտ Օհանյանից եւ Սումբատ Տոնոյանից հեռախոսազանգով ստանալով առաջարկ Վրաստանում գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ իրացնելու նպատակով այն հայթայթելու եւ իրենց տրամադրելու վերաբերյալ գործարքից ակնկալվող շահույթը նյութի իրացումից հետո բաշխելու պայմանով, հանցավոր համաձայնության է եկել վերջիններիս հետ:
Հանցավոր մտահղացման իրագործմանը մասնակցելու եւ օժանդակելու նպատակով՝ Գ.Դադայանը պահանջել եւ Ս.Տոնոյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար որպես ճանապարհածախս՝ Յունիստրիմ բանկային փոխանցման համակարգի միջոցով եւ 2010 թվականի մարտի 10-ին Մոսկվա-Երեւան չվերթով վերադարձել Երեւան: Նույն օրը նա Հրանտ Օհանյանին տրամադրել է ապօրինի ձեռք բերված 17 գրամ գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ՝ ծխախոտի տուփի մեջ տեղադրված: Նշված ռադիոակտիվ նյութը 2010 թվականի մարտի 11-ին ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ Հ.Օհանյանը եւ Ս.Տոնոյանը նույն օրն այն փորձել են իրացնել Վրաստանի քաղաքացի Զազա Կիվկիվաձեին, սակայն հայտնաբերվել են Վրաստանի իրավապահների կողմից:
Այսպիսով՝ Գ. Դադայանը 2010 թվականի մարտի 11-ին օժանդակել է Ս. Տոնոյանին եւ Հ.Օհանյանին, եւ 17 գրամ գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութը մաքսանենգ եղանակով տեղափոխել Վրաստան:
Ս.Տոնոյանը եւ Հ.Օհանյանը Վրաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում 2010 թվականին Վրաստանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության համար ու դատապարտվել են ազատազրկման համապատասխանաբար 14 եւ 13 տարի ժամկետներով:
2011 թվականի մայիսի 25-ի դատավճռով Գ.Դադայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 233-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ:
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Վրաստան տեղափոխված ուրանի ձեռք բերման աղբյուրը, քանզի գործի քննությամբ պարզվել է, որ Հայաստանում չկան համապատասխան տեխնիկական եւ լաբորատոր պայմաններ 90.8% գերհարստացված ուրան ստանալու համար:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը Գ.Դադայանի պաշտպանների կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:




























