Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը տվել է իր համաձայնությունը տվյալ գործընթացին մասնակցելու համար։
Իր հերթին, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել համապատասխան հանձնաժողովի ձեւավորման գործընթացը։ Ավելին, Երեւանը, պատգամավորի խոսքով, պատրաստ է անցնել բուն աշխատանքներին։
«Սակայն միայն այն բանից հետո, երբ որոշակի տեխնիկական հարցերով համաձայնություն ձեռք բերվի։ Հայաստանը ՌԴ-ին գրավոր ծանուցում է ուղարկել ավելի վաղ Մոսկվայի հնչեցրած առաջարկները ընդունելու մասին։ Բովանդակության մասին դեռ վաղ է խոսել։ Խոսքը նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին է»,-պարզաբանեց Աղաջանյանը։











