Հայաստանի իշխանությունները տարբեր մանիպուլյացիաների միջոցով փորձում են տարածքային կորուստների հարցը մղել երկրորդ եւ երրորդ պլան։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Հայաստանի տարածք ներխուժումը, ընդգծեց պատգամավորը, ըստ էության, ադրբեջանական ագրեսիայի երկրորդ փուլն է։

«Պետք է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդել հակառակորդը, ինչ կորուստներ է կրել հայկական կողմը եւ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս ամենը։ Տագնապալի են նաեւ մեր զինվորների գերեվարման տեսագրությունները: Մենք հիմնավոր մտավախություններ ունենք նրանց կյանքի համար։ Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել գերեվարումը, անհրաժեշտ է ապահովել նրանց վերադարձը հայրենիք, իսկ միայն դրանից հետո իրականացնել օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը»,- ասաց Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական հերթական ագրեսիայի արդյունքում հայկական կողմը երկու դիրք է կորցրել։