Պարարտանյութ արտադրող Yara ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին լիովին էլեկտրական Birkeland ինքնակառավարվող կոնտեյներատարը: Նավը պատրաստվում է նավարկել Նորվեգիայի հարավային ափով, որից հետո այն մթնոլորտ վնասակար արտանետումների մակարդակը նվազեցնելու երկրի ծրագրերի կարեւոր բաղադրիչը կդառնա, հայտնում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հաղորդվում է, որ 80 մետրանոց ինքնավար բեռնարկղային նավը պետք է օգտագործվի հարավային Նորվեգիայի Yara's Porsgrunn գործարանի եւ Բրեւիկում արտահանման նավահանգստի միջեւ բեռնափոխադրումների համար, որոնք գտնվում են միմյանցից 14 կիլոմետր հեռավորության վրա: Սպասվում է, որ էլեկտրական կոնտեյներատար նավը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա սկզբին:
Նախնական փուլում նավը կկառավարվի մարդու կողմից, իսկ լիովին ինքնավար այն կդառնա միայն երկու տարի հետո։ Կոնտեյներատար նավը կկարողանա բեռնել եւ բեռնաթափել բեռը, ինչպես նաեւ լիցքավորել մարտկոցներն առանց մարդու միջամտության։ Նավի նախագծման մեջ օգտագործվել են Kongsberg եւ Vard լուծումները, այդ թվում` սենսորներ, ինչպես նաեւ այլ սարքավորումներ եւ ծրագրեր, որոնց հիման վրա իրականացվել է ինքնավար կառավարման համակարգը։
Էլեկտրական կոնտեյներատարի շահագործումը կնվազեցնի ածխածնի արտանետումները տարեկան 1000 տոննայով: Yara-ի համար սա արտանետումների զգալի կրճատում է, քանի որ ընկերության Porsgrunn գործարանը Նորվեգիայում CO₂ արտանետումների ամենախոշոր աղբյուրներից մեկն է: «Մենք կատարեցինք այս տեխնոլոգիական թռիչքը՝ ցույց տալու համար, որ դա հնարավոր է, եւ ես կարծում եմ, որ աշխարհում այնքան շատ երթուղիներ կան, որոնցով այս տեսակի նավերը կարող են նավարկել»,- կարծում է Yara-ի տնօրեն Սվեյն Թորե Հոլսեթերը:











